ԷնցիկլոՄեդիա

ԷնցիկլոՄեդիա

Միասին կքննարկենք՝ ինչպե՞ս օգնել երեխաներին տարբերել օնլայն խաղերի, սոցիալական ցանցերի, յութուբյան տեսանյութերի հնարավոր մանիպուլյացիաները, հավաստի ու կեղծ տեղեկությունները, օգտվել ստուգված աղբյուրներից։

N34. Մեդիան և քաղաքացիական շարժումները
N34. Մեդիան և քաղաքացիական շարժումները

Հանուն իրենց իրավունքների պաշտպանության փողոց դուրս եկած մարդկանց ընդհանրական գաղափարներից բացի մշտապես կապել է նաև մեդիան։ Վերջին երկու տասնամյակում համացանցի և սոցիալական ցանցերի դերն անգնահատելի է քաղաքացիական կարծքի ձևավորման և արտահայտման համար։ Սոցցանցերը դարձել են մոբիլիզացիայի հիմնական գործիքը։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մարդիկ ոչ միայն ինքնակազմակերպվում են, այլև վերահսկում են շարժումները, երթերը, բողոքի ցույցերը։ Զարգացման տարբեր փուլերում այս հարցում մեդիան մարդկանց տարբեր ձևերով է օգտակար եղել։ <<Էնցիկլոմեդիայի>> վերջին՝ 34-րդ էպիզոդում վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի հետ զրուցում ենք քաղաքացիական շարժումների կայացման գործում մեդիայի դերի և դրա գրագետ օգտագործման մասին։ Էպիզոդում կլսեք նաև <<Ինֆոքոմի>> համահիմնադիր և խմբագիր Սևակ Մամյանին։

N33. Մեդիայի լեզուն
N33. Մեդիայի լեզուն

Վաղ տարիքից ծնողները խրախուսում, երբեմն ստիպում են երեխաներին լեզուներ սովորել։ Բայց մի շատ կարևոր լեզու կա, որին թեև երեխաներն առնչվում են ամեն օր, որևէ դասագրքում սովորելու հնարավորություն չեն ունեցել։ Մյուսների պես այս լեզվի իմացությունն էլ կենսական է մեզ շրջապատող աշխարհն ավելի լավ հասկանալու համար։ Մեր այս էպիզոդը հենց այդ՝ մեդիայի լեզվի մասին է։ Էպիզոդում զրուցել ենք <<Շողակաթ>> հեռուստաընկերության մանկական և կրթական հաղորդումների պատասխանատու Հերմինե Ստեփանյանի, լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանի և նկարիչ, lezoo.am-ի համահիմնադիր Կարինե Արոյանի հետ։ Պատմում ենք, թե ինչ լեզվով են խոսում մամուլը, հեռուստատեսությունը, ռադիոն և արդյո՞ք կարող ենք թարգմանել այդ լեզուն երեխաների համար։

N32. Ծնողական վերահսկողության գործիքներ
N32. Ծնողական վերահսկողության գործիքներ

Երեխաների ազատությունը թվային միջավայրում սահմանափակելը կարող է բարդ մարտահրավեր լինել ծնողի համար։ Համակարգիչները, սմարթֆոններն ու սոցիալական ցանցերը ծնողներին հնարավորություն են տալիս վերահսկել ու կարգավորել իրենց երեխաների ակտիվությունները, սակայն այս գործիքներին ոչ բոլորն են տիրապետում։ Ծնողների մի սերունդ, որ իրենց երեխաների տարքում չի ունեցել տեխնիկական նման լայն հանարավորություններ և հաճախ ամբողջությամբ չի տիրապետում նորագույն տեխնոլոգիաներին, ստիպված է վերահսկողություն սահմանել երեխաների նկատմամբ մի դաշտում, որտեղ դեռահասներն ավելի լավ են մանևրում։ Այս էպիզոդում պատմում ենք ծնողական վերահսկողության գործիքների և դրանցից գրագետ օգտվելու մասին։ Էպիզոդում զրուցել ենք մեդիա փորձագետ Արթուր Պապյանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների համար արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Անդրեասյանի հետ։

N31. Առցանց ծանոթություններ
N31. Առցանց ծանոթություններ

Երեխանների ներկայությունը սոցիալական ցանցերում և համացանցում հասկայական աճ գրանցեց, երբ, համավարակի տարածմամբ պայմանավորված, կրթությունը դարձավ հեռավար։ Դեռահասներից շատերը, սակայն, սոցցանցերը օգտագործում են ոչ միայն կրթական նպատակներով, այլև նոր ծանոթություններ հաստատելու համար։ Անծանոթ միջավայրում երեխաները հեշտությամբ կարող են ծանոթանալ մարդկանց հետ, որանց իրական կյանքում չեն ճանաչում։ Խաղեր խաղալուց և անհրաժեշտ ինֆորմացիան փնտրելուց բացի նրանք կարող են առցանց ծանոթություններ փնտրել ու գտնել՝ հաճախ անգամ առանց պատկերացնելու դրա հետևանքները։ Այս էպիզոդում <<Հայաստանի մանուկներ>> հիմանդրամի հոգեբանական ծառայությունների ղեկավար Թամարա Հարությունյանի հետ զրուցել ենք, թե ինչպես բացատրել երեխաներին համացանցանցում ծանոթությունների ու շփումների վտանգները, ինչպես կանխել դրանք և ինչ անել, երբ անցանկալի շփումն անհետևանք չի մնացել երեխայի համար։

N30. Երեխաների իրավունքները մեդիայում
N30. Երեխաների իրավունքները մեդիայում

Երեխաները մեդիայի ուշադրության կենտրոնում հիմնականում հայտնվում են, երբ որևէ դժբախտ պատահար է տեղի ունենում, կամ հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Դեռահասներին հուզող խնդիրները մեդիայում հաճախ են մնում լսուսանցքից դուրս, լրատվամիջոցներում հայտնվելիս էլ հաճախ նրանց իրավունքների կոպիտ ոտնահարումներով են հայտնվում։ Այս էպիզոդը մեդիայում երեխաների իրավունքների և նրանց առնչվող խնդիրների լուսաբանման մասին է։ Փորձելու ենք հասկանալ, թե արդյոք նրանց ձայնը լսելի է, և ինչ իրավունքներ ունեն երեխաներն ու ծնողները, երբ խոսքը մեդիայում նրանց վերաբերող հրապարակումների մասին է։ Էպիզոդում իրենց անհանգստացնող հարցերի և մեդիայում իրենց ներկայացվածության մասին պատմում են մի շարք դպրոցականներ, իսկ երեխաներին առնչվող խնդիրների գրագետ լուսաբանման մասին զրուցել ենք Iravaban.net կայքի խմբագիր Ալիսա Չիլինգարյանի հետ։

N29. Սոցիալական ցանցեր
N29. Սոցիալական ցանցեր

Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս մեզ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ կիսելու մեր մտքերը՝ անկախ նրանց գտնվելու վայրից, կիսվել նրանց հետ զգացմունքներով, զվարճալի տեսանյութերով, օգնություն կամ խորհուրդ խնդրել ու ստանալ ցանկացած պահի, ցանկացած վայրից։ Ֆեյսբուքը, Ինստագրամը, Տելեգրամը և մյուս հարթակները կապում են մեզ, տալիս ինքնարտահայտվելու պլատֆորմ, պատմելու մեր մտահոգությունների, ձեռքբերումների ու երբեմն էլ ձախողումների մասին։ Այստեղ մենք կարող ենք գտնել մեզ հետաքրքրող ինֆորամցիան, ծանոթանալ նոր մարդկանց հետ, պահել կապը հին ծանոթների հետ, որքան էլ որ ֆիզիկապես հեռու լինենք իրարից։ Սրանք սոցիալական ցանցերի դրական կողմերն են, սակայն սոցցանցերն ունեն նաև իրենց՝ հաճախ անտեսանելի, մութ կողմը։ Այս էպիզոդում պատմում ենք, թե ինչպես կարելի է խոսել երեխաների հետ սոցցանցերի մասին, ինչ է պետք բացատրել նրանց սոցիալական ցանցերում գրանցելուց առաջ և ինչպես կարելի է ապահովել երեխայի ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը վիրտուալ տիրույթում։

N28. Ինֆլյուենսերներ
N28. Ինֆլյուենսերներ

<<Ինֆլյուենսեր>> բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է ազդեցություն գործող անձ։ Ինֆլյուենսերները մարդիկ են, որոնք ունեն հեղինակության որոշակի շրջանակ, ձևավորում են հանրային կարծիք։ Սոցիալական ցանցերում հայտնի այս մարդկանց դերը մարքեթինգի տեսանկյունից այս պահին առավել մեծ է, քան երբևէ: Հիմնականում ինֆլյունեսերները հայտնիություն ձեռք են բերում սոցիալական մեդիայից դուրս՝ դերասաններ են, երգիչներ, հաղոդրավարներ, սպորտի մարդիկ։ Սակայն այժմ հանրահայտ լինելը պարտադիր պայման չէ սոցիալական որևէ հարթակում ինֆլյուենսեր լինելու համար։ Մեծ լսարան ունեցող ցանկացած օգտատեր կարող է հասարակական կարծիքի ձևավորման միջոց դառնալ։ Հենց այդ լսարանի խնդիրն է նաև նրանց տրամադրած ինֆորմացիայի գրագետ սպառումը։ Այս էպիզոդում պատմում ենք, թե ովքեր են ինֆլյուենսերները, ինչպես են նրանք ազդում իրենց լսարանի վրա, արդյոք դա անում են հանուն գումարի, թե՞ ոչ միայն և ինչպես գրագետ սպառել նրանց ստեղծած բովանդակությունը։ Խոսել ենք նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմեի, հաղորդավար-ինֆլյուենսեր Արևիկ Ուդումյանի և ինֆլյուենսեր, <<Եղի՛ր տեղեկացված>> հասարակական կազմակերպության նախագահ Արուսիկ Մկրտչյնաի հետ։

N27. Խոսքի ազատություն
N27. Խոսքի ազատություն

Յուրաքնաչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Սա ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Այստեղ նաև երաշխավորում է տեղեկատվական միջոցների ազատությունը։ Մենք ազատ ենք մտածել և արտահայտել մտքեր մեզ հարմար բոլոր եղանակներով։ Այդ եղանակներից մեկն էլ խոսքն է։ Խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է և յուրաքանչյուր մարդու անքննելի իրավունքը։ Սակայն ինչպես մեր բոլոր ազատությունները, այս մեկը ևս ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մեկ ուրիշի ազատությունը։ Այս էպիզոդը խոսքի ազատության և դրա սահմանների մասին է։ Քննարկում ենք նաև, թե ինչպես կարելի է խոսքի ազատությունը և ատելության խոսքը բացատրել երեխաներին։ Զրուցել ենք մեդիափորձագետ, media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ։ Էպիզոդում նաև կլսեք <<Արեգնազան>> կրթահամալիրի ուսուցիչ Լիլիթ Սարգսյանին և 9-ամյա Մարիային և Աղասիին։

N26. Բռնությունը մեդիայում
N26. Բռնությունը մեդիայում

Բռնությունն ամենուր է՝ համակարգչային խաղերում, հեռուստատեսությամբ, լուրերում, ժամանցային հաղորդումներում, մուլտֆիլմերում և անգամ հեքիաթներում։ Դրա պակասն, իհարկե, իրական կյանքում ևս չկա, բայց որքան շատ ենք սպառում մեդիա, այնքան մեծանում է բռնության առերեսվելու հնարավորությունը։ Հեռուստատեսությամբ ցուցադրվող դաժան տեսարանները կարող են էապես ազդել մարդու հոգեբանության և աշխարհընկալման վրա, հատկապես վաղ տարիքում, երբ դրանք նոր են ձևավորովում։ Բազմաթիվ հետազոտողներ եզրահանգման են եկել, որ մեդիայում բռնության տեսարանները երեխաներին ավելի ագրեսիվ վարքի են դրդում։ Այս էպիզոդն այն մասին է, թե ինչ կարող են անել ծնողները, երբ մեդիայում խոսքին փոխարինում են բռունցքները, հարցերը լուծում են զենքերը։ Էպիզոդում զրուցել ենք լեզվի, հաղորդակցության և գենդերային ուսումանսիրությունների մասնագետ Անի Կոջոյանի հետ։ Կլսեք նաև հոգեբան Անուշ Ալեքսանյանին և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին։

N25. կորոնավիրուսը և մեդիագրագիտությունը դպրոցական առարկաներում
N25. կորոնավիրուսը և մեդիագրագիտությունը դպրոցական առարկաներում

Համավարակի պայմաններում հեռավար ուսուցումը աննախադեպ ակադեմիական ազատություն է տվել ուսուցիչներին։ Չկան հստակ ցուցումներ ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ և շատ ուսուցիչներ գործի են դրել իրենց ստեղծարարությունը՝ առավել ինտերակտիվ և հետաքրքիր դարձնելու դասապրոցեսը։ Անհարմար իրավիճակն ի օգուտ իրենց ծնողներն ու ուսուցիչներ օգտագործել են դասի ուսումնասիրության նյութ դարձնելով ներկայի ամենաադրիական թեման՝ նոր կորոնավիրուսային համավարակը։ Մեդիայում կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակումները, այդ թվում ապատեղեկատվությունները, կեղծ լուրերը, գրաֆիկները, քարտեզները կարող են հրաշալի քննարկման առիթ դառնալ դպրոցական դասացուցակի բոլոր առարկաների համար։ Էնցիկլոմեդիայի այս էպիզոդն այն մասին է, թե ինչպես կարելի է համաշխարհային և տեղական մեդիայում համավարակի թեման օգտագործել դասի արդյունավետ կազմակերպման նպատակով։ Էպիզոդում զրուցել ենք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանի հետ։ Այս մեթոդով գործնականում աշխատելու իրենց փորձի մասին պատմում են նաև Վայոց ձորի Չիվա գյուղի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ալետա Հարությունյանը, Երևանում ՄՊՀ մասնաճյուղին կից Երիցյան վարժարանի ֆիզիկայի և բնագիտության ուսուցչուհի Կարինե Սամվելյանը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

N24․ Ինչպես բացատրել մեդիան երեխաներին
N24․ Ինչպես բացատրել մեդիան երեխաներին

Աշխարհում տարածվող կորոնավիրուսային նոր համավարակի հետևանքով մեդիայում տագնապային լուրերի պակաս չի զգացվում։ Ամեն օր ավելի ու ավելի շատ վարակակիր մարդիկ, նոր մահեր, ռեկորդներ ու հակառեկորդներ են գրանցվում։ Այս ամենը մշտական լարվածության մեջ են պահում բոլորին՝ անկախ տարիքից։ Երեխաների մոտ առաջանում են հարցեր և ցանկալի է, որ ծնողները կարողանան սպառիչ պատասխաններ տալ դրանց՝ միևնույն ժամանակ խուսափելով երեխայի մոտ խուճապ ստեղծելու հավանականությունից։ Էնցիկլոմեդիայի այս էպիզոդը լրատվությունը և մեդիան երեխաներին հանրամատչելի կերպով բացատրելու եղանակների մասին է։ Զրուցել ենք Շողակաթ հեռուստաընկերության մանկական և կրթական հաղորդումների պատասխանատու Հերմինե Ստեփանյանի հետ։ Էպիզոդում կլսեք նաև արտթերապևտ Արմինե Առաքելյանին և ծնողների, որոնք պատմում են՝ ինչպես են իրենց երեխաներին բացատրել ստեղծված իրավիճակը։

N23. Մեդիան արտակարգ իրավիճակներում
N23. Մեդիան արտակարգ իրավիճակներում

Մեդիայի դերն անփոխարինելի է արտակարգ իրավիճակների կառավարման տեսանկյունից։ Հասարակությունում առկա անհանգստությունները և վախերը մեդիան կարող է սփոփել հավաստի, ամբողջական և բազմակողմանի տեղեկատվության հաղորդմամբ։ Այդուհանդերձ որոշ լրատվամիջոցներ արտակարգ իրավիճակներում ահագնացնում են լսարանի խուճապային տրամադրությունը։ Էնցիկլոմեդիայի այս թողարկումը ճգնաժամային իրավիճակներում մեդիայի աշխատանքի և դերի մասին է։ Էպիզոդում զրուցել ենք Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական տնօրեն Արմեն Սարգսյանի և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ։

N22. Անձնական տվյալներ
N22. Անձնական տվյալներ

Երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորությունն առավել արդիական է դարձել հեռավար ուսուցման անցնելու պայմաններում։ Ուսուցման այս ձևաչափը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ավելի շատ մեդիա սպառելու հանգամանքը մեծացնում են անձնական տվյալների արտահոսքի և սխալ մշակման վտանգը։ Այս էպիզոդում պատմում ենք երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորության և միջոցների մասին։ Էպիզոդում զրուցել ենք մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության փորձագետ Մկրտիչ Խաչատրյանի և ծնող Աննա Գևորգյանի հետ։

N21. Դավադրությունների տեսություններ
N21. Դավադրությունների տեսություններ

Կորոնավիրուսային նոր հիվանդության տարածումից շատ ավելի վաղ Հայաստան հասան դրա վերաբերյալ դավադրությունների տեսությունները։ Տեղեկատվական հոսքերը, ապատեղեկատվությունը և մարդկային հոգեբանության որոշ առանձնահատկություններ ոմանց հաճախ ստիպում են դավադրություններ փնտրել տեղի ունեցող ցանկացած իրադարձությունում։ Օգտվելով այս հանգամանքներից՝ շահագրգիռ որոշ խմբեր օգտագործում են տեղեկատվությունը հասարակության մեջ խուճապ տարածելու համար։ Այս էպիզոդում պատմում ենք, թե ինչպես և ինչ նպատակով են ստեղծվում դավադրությունների տեսությունները, քննարկում ենք հայկական մեդիայում տարածվող կոնսպիրոլոգիաների մի քանի օրինակ։ Դավադրությունների տեսությունները տարբերելու և դրանց ազդեցությունից խուսափելու մասին զրուցել ենք արձակագիր, Եվրասիա համագործակցությույն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի և գիտական լրագրող Ռուբինա Դավթյանի հետ։

N20. Հեռավար ուսուցում
N20. Հեռավար ուսուցում

Հայաստանում ապրիլի 16-ից արտակարգ դրություն է հայտարարված։ Կրթական հաստատությունները փորձում են, հարմարվելով ստեղծված իրավիճակին, անցնել հեռավար ուսուցման։ <<Էնցիկլոմեդիայի>> այս էպիզոդում ծնողները պատմում են, թե ինչպես են կազմակերպում իրենց երեխաների ուսուցումը տանը։ Էպիզոդում պատմում ենք նաև հեռավար ուսուցման համար նախատեսված կրթական հարթակների, ինչպես նաև առցանց դասերի կազմակերպման ընթացքում երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին։

N19. Կեղծ լուրեր և փաստերի ստուգում
N19. Կեղծ լուրեր և փաստերի ստուգում

Այս էպիզոդում պատմում ենք ապատեղեկատվության, կեղծ լուրերի և փաստերի ստուգման մասին։ Օրինակների միջոցով պատմում ենք զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվող տեղեկատվությունը ստուգելու անհրաժեշտ գործիքների, եղանակների մասին։ Էպիզոդում զրուցել ենք Փաստերի ստուգման հարթակի` fip.am-ի, խմբագիր Անի Գրիգորյանի, ինչպես նաև կայքի լրագրողներ՝ Անի Ավետիսյանի, Լուսինե Ոսկանյանի, Նելլի Լազարյանի և Սևադա Ղազարյանի հետ։ Էպիզոդում կլսեք նաև media.am-ի փաստերի ստուգման լրագրող Արշալույս Բարսեղյանին և Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի տարրական դպրոցի մի խումբ աշակերտների։

N18. Քարոզչություն
N18. Քարոզչություն

Ապրիլի 5-ին կայանալիք Սահամանդրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ Հայաստանում նախընտրական քարոզարշավ է սկսվել։ Ձևավորվել են <<Այո>>-ի և <<Ոչ>>-ի ճակատներ։ Երկու շտաբերն էլ հնարավոր բոլոր եղանակներով փորձելու են որքան կարող են շատ մարդու վստահեցնել, համոզել, ներշնչել իրենց ճշմարտացիության մեջ։ Հենց սա էլ քարոզչությունն է։ Քարոզչությունը տեղեկատվությունից տարանջատելը մեդիագրագիտության կարևոր բաղադրիչ է։ Մեր նախորդ էպիզոդում խոսել էինք այն մասին, թե ինչպես է պրոպագանդան ոչ միայն գործիք դարձնում, այլև թիրախավորում երեխաներին։ Քարոզչության դեպքում ևս երեխաները հաճախ են դրա հասցեատերերը դառնում։ Թեև <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքով արգելվում է ուսումնական հաստատություններում քաղաքական քարոզչությունը, նախկինում հայաստանյան ուսումնական հաստատություններում քարոզչության բազմաթիվ օրինակներ են գրանցվել։ <<Լրատուն>> մեդիա թանգարան>> նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանի հետ զրուցել ենք քարոզչության գործիքների և դրանց ազդեցությունից խուսափելու եղնակաների մասին։ Էպիզոդում նաև դպրոցներում նախկինում իրականացված քարոզչության օրինակներ ենք քննարկել ուսուցիչ-պատմաբան Վահրամ Թոքմաջյանի հետ։

N17. Պրոպագանդա
N17. Պրոպագանդա

Տեղեկատվությունը, գաղափարները, պատկերները, որոնք ներկայացնում են իրականության մեկ կողմը միայն և հրապարակվում, հեռարձակվում կամ ցանկացած այլ եղանակով տարածվում են մարդկանց կարծիքների վրա ազդելու նպատակով պրապագանդա են։ Պրոպագանդայի տարածման գործիքները ժամանակի ընթացքում կատարելագործվել են բանավոր խոսքից, լոզունեգներից տեղափոխվելով մեդիա՝ ձեռքբերելով նոր ձևեր։ Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում զրուցում ենք պրոպագանդայի մասին։ Էպիզոդի առաջին հատվածում մեդիա փորձագետ Աննա Փամբուխչյանի հետ խոսել ենք այն մասին, թե ինչ է և ինչպես է աշխատում պրոպագանդան՝ թիրախավորելով նաև երեխաներին։ Սակայն երեխաներին թիրախավորելուց բացի, երբեմն պրոպագանդան կարող է հենց երեխաներին դարձնել գործիք։ Էպիզոդի երկրորդ հատվածում երեխաների՝ իրենց կամքից անկախ պրոպագանդայի գործիք դառնալու մասին խոսել ենք ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանի հետ։

N16. Մանիպուլյացիա
N16. Մանիպուլյացիա

Անազնիվ եղանակների կիրառմամբ մարդու կամ հասարակության կարծիքի վերահսկողությունը կոչվում է մանիպուլյացիա։ Մանիպուլյացիան մարդու վարքագիծը, կայացրած որոշումները փոխելու նպատակով կիրառվող հնարք է։ Տեղեկատվության փոխանցման այս մեթոդն օգտագործողները կարող են տարբեր դրդապատճառներ ունենալ՝ անձնականից մինչև քաղաքական կամ տնտեսական շահեր։ Այն մասին, թե ինչ է մանիպուլյացիան և ինչ գործիքներ են կիրառվում հանրային կարծիքի վերահսկողության համար զրուցել ենք սոցիոլոգ Հայկ Սմբատյանի հետ։ Էպիզոդում կլսեք նաև հոգեբան Մարի Ամիրխանյանի և 9-ամյա Լինային։

N15. Լրատվության գրագետ սպառումը
N15. Լրատվության գրագետ սպառումը

Հայաստանում վերջերս անցկացված մի հետազոտության համաձայն՝ հայաստանցիների ստացած տեղեկատվության հիմնական աղբյուրը համացանցն է։ Երկրորդ տեղում հեռուստատեսությունն է։ Հնգյակում նաև ընտանիքի անդամներն, ընկերներն ու գործընկերներն են են։ Նորությունները քննարկվում են ընտանքիներում, կրթական հաստատություններում և վաղ տարիքից երեխաները կամա թե ակամա ազդվում են լրատվությունից։ Լուրեր սպառելու անխուսափելիությանը զուգահեռ անհրաժեշտություն է ի հայտ գալիս սովորեցնել նրանց, թե ինչպես պետք է ճիշտ ստանալ և վերլուծել այդ տեղեկատվությունը։ Այս գործում ծնողի ունեցած դերի և լրատվության գրագետ սպառման մասին Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում խոսել ենք հոգեբան Սոնա Մանուսյանի հետ։ Էպիզոդում զրուցել ենք երեխաների մոտ քննադատական մտածողության զարգացման համար ամենահարմար տարիքի մասին։ Քննարկում ենք նաև հիմնական հարցերը, որոնք պետք է տալ ցանկացած տեղեկատվություն սպառելիս։ Էպիզոդում դպրոցահասակ երախաները պատմում են իրենց լսած և կարդացած լուրերի մասին։

N14. Կիբերբուլիինգ
N14. Կիբերբուլիինգ

Բուլիինգը որևէ մեկի կողմից մեկ այլ անձի նկատմամբ շարունակաբար հոգեբանական կամ ֆիզիկական հալածանքն է։ Այս խնդրին հիմնականում բախվում են դպրոցահասակ երեխաները։ Դպրոցական միջանցնքներից կամ շենքերի բակերից, սակայն, բուլիինգն այժմ տեղափոխվել է նաև սոցիալական ցանցեր։ Առցանց հալածանքը կոչվում է կիբերբուլիինգ։ Բուլիինգից կիբերբուլինգը տարբերվում է նրանով, որ այն երեխային կարող է վնասել ամենուր, օրվա ցանկացած պահի։ Հայտնվելով համացանցում՝ հանրային հասանելիություն ունեցող ինֆորմացիան կարող է հետապնդել երեխային նրա ողջ կյանքի ընթացքում։ Համաշխարհային վիճակագրությունները փաստում են, որ երեխաների մոտ 30 տոկոսը համացանցում վիավորական հաղորդագրություններ է ստանում անծանոթներից։ Խնդրին առերեսվում են նաև հայաստանցի երեխաները։ <<Էնցիկլոմեդիայի>> այս էպզիոդում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների համար արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանի հետ զրուցել ենք կիբերբուլիինգի կանխման եղանակների և դրա կարևորության մասին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Էդուրադ Իսրայելյանն էլ պատմում է կիբերբուլիինգի զոհ դարձած երեխաների համար կազմակերպվող խորհրդատվության մասին։ Օգտակար հղումներ՝ ՄԻՊ գրասենյակի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի խորհրդատվության և բողոքների ներկայացման կայքէջը՝ http://children.ombuds.am/ <<Գեյատևել թվային աշխարհում>>, նկարազարդված խորհուրդներ երեխաների առցանց անվտանգության ապահովման համար՝ http://children.ombuds.am/wp-content/uploads/2017/10/Survive-in-the-digital-world-ARM.pdf <<ՏՏ անվտանգություն <<թեյկնիկների>> համար>> ուղեցույց՝ http://children.ombuds.am/wp-content/uploads/2017/10/IT-for-Dummies-ARM.pdf Հրապարակումներ ՅՈՒՆԻՍԵՖ-ից՝ https://uni.cf/2uvrBCJ

N13. Լրագրողները և լրատվությունը
N13. Լրագրողները և լրատվությունը

Լրագրող դառնալու հույսով տարեկան հարյուրավոր ուսանողներ են հայտնվում Հայաստանի բուհերի Ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։ Նրանց մի մասն ուսման ավարտին հայտնվում է հեռուստաընկերություններում, ռադիոներում, թերթերում, լրատվական կայքերի խմբագրություններում։ Առանց հանգստյան օրերի աշխատանքի արդյունքում լրագրողները մարդկանց ապահովում են ամենօրյա լրատվությամբ։ Երեկոյան հեռուստացույցով լուրերը դիտելիս, կամ համացանցում որևէ հոդված կարդալիս լսարանի կողմից 1-2 րոպեում սպառված ինֆորմացիայի համար լրագրողներից ժամեր, օրեր, երբեմն ամիսներ են պահանջվում։ Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում պատմում ենք՝ ինչպես են աշխատում խմբագրությունները, ովքեր են լրագրողները և ինչ է լրատվությունը։ Էպիզոդում զրուցել ենք ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի քանի ուսանողների, Հայաստանի Հանրային ռադիոյի լրատվական ծառայության խմբագիր Արմեն Վարդանյանի, լրագրող Անի Մինասյանի, ինչպես նաև hetq.am-ի լրագրող Տիրայր Մուրադյանի հետ։

N12. Ֆիշինգ
N12. Ֆիշինգ

Համացանցում iPhone եք շահե՞լ, կամ կտակ եք ստացել բարեկամներից, ում չէիք ճանաչո՞ւմ։ Տարեկան հարյուր հազարավոր մարդիկ այսպես կորցնում են ոչ միայն իրենց հաշիվները սոցիալական ցանցերում, այլև գումար, երբեմն վտանգում իրենց հեղինակությունը։ Անձնական տվյալներին հասանելիությունը հիմանկանում հնարավոր է դառնում ֆիշինգի [phishing] պատճառով։ Ամսական մոտ 1,5 մլն ֆիշինգ հարթակ է ստեղծվում աշխարհում։ Վտանգավոր նամակները տարածվում եմ ամենուր և կարող են թիրախավորել ցանկացած մարդու՝ անկախ տարիքից և բնակության վայրից։ Ֆիշինգի բազմաթիվ մեխանիզմներ կան։ Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ խոսել ենք դրանցից ամենատարածվածների մասին։ Էպիզոդում նաև պատմում ենք, թե ինչպես է աշխատում ֆիշինգը և անձնական օրինակով տարբերակում ենք վտանգավոր նամակներն անվտանգներից։ Օգտակար հղումներ՝ Ֆիշինգ քուիզ Google-ի կողմից՝ phishingquiz.withgoogle.com/ Էնցիկլոմեդիայի 11-րդ էպիզոդը գաղտնաբառերի ընտրության մասին՝ media.am/encyclomedia-passwords/

N11. Գաղտնաբառեր
N11. Գաղտնաբառեր

2018 թվականին աշխարհում ամենից շատ օգտագործված գաղտնաբառը 123456-ն է եղել։ 1-6 թվերը որպես գաղտանաբառ առաջատար է 2013 թվականից։ Երկրորդ տեղում password բառն է։ Թոփ հնգյակում մյուս տեղերը 1-5, 1-7, 1-8 թվերինն են։ Սա փաստում է, որ շատերն անլրջությամբ են վերաբերում գաղտնաբառի ընտրությանը և չեն կարևորում նոր գաղտնաբառի սահմանումը։ Մինչդեռ, թույլ գաղտնաբառը հնարավորություն է տալիս հեշտությամբ կոտրել ձեր հաշիվը ցանկացած սոցիալական ցանցում, ինչպես նաև օգտագործել ձեր անձնական տվյալները։ Անձնական տվյալների օգտագործման այլ եղանակներ ևս կան։ Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում զրուցել ենք մեդիա փորձագետ Սամվել մարտիրոսյանի հետ, քննարկել ենք անվտանգ գաղտնաբառերի սահմանման հիմնական սկզբունքները։ Էպիզոդում խորհուրդներ կան նաև տեղեկատվության պահպանման ապահովությունն առավել արդյունավետ դարձնելու համար։ Օգտակար հղումներ՝ Google Authenticator երկքայլ հաստատման հավելված iOS-ի համար՝ apps.apple.com/us/app/google-authenticator/id388497605 Google Authenticator երկքայլ հաստատման հավելված Android-ի համար՝ play.google.com/store/apps/details?id=com.google.android.apps.authenticator2&hl=hy LastPass գաղտնաբառերի համակարգման հարթակ՝ www.lastpass.com/

N10. Մեդիա դիետա արձակուրդների համար
N10. Մեդիա դիետա արձակուրդների համար

Ամանորյա տոներին սննդային դիետայից բացի նույնքան կարևոր է մեդիա դիետային հետևելը։ Էնցիկլոմեդիայի տոնական էպիզոդում հավաքել ենք խորհուրդներ արձակուրդային օրերին մեդիայի սպառումը լավագույն կերպով բալանսավորելու համար։ Եթե կարծում եք, որ հնարավոր չի լինելու խոսափել դրա չափից շատ սպառումից, նաև հավքել են խորհուրդներ, թե ինչ որակյալ բովանդակություն կարելի է դիտել, լսել և ստանալ ոչ աշխատանքային օրերին։ Տոնական էպիզոդում զրուցել ենք վլոգեր Վեգա Անդրիասյանի, մեդիա փորձագետ Գեղամ Վարդանյանի, լրագրող Անահիտ Մինասյանի և մանկավարժ Աննա Գևորգյանի հետ։

N9. Մուլտֆիլմեր
N9. Մուլտֆիլմեր

Մարդու աշխարհընկալման ձևավորման վրա էական ազդեցություն ունեն վաղ տարիքում նրա դիտած մուլտֆիլմերը։ Շատերի մանկության հիշողությունների մեծ մասը փոքր տարիքում դիտած մուլտֆիլմերի հետ է կապված։ Միևնույն ժամանակ, կարևոր է հաշվի առնել, որ ժամանցի միջոց լինելուց բացի անիմացիան այն արտադրող ընկերությունների համար եկամտաբեր բիզնես է։ Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում խոսել ենք մուտֆիլմերի արտադրության, դրանց ազդեցության, ճիշտ ընտրության և երեխաներին վատ բովանդակությունից հեռու պահելու հնարավոր եղանակների մասին։ Զրուցել ենք հոգեբան Սոնա Մանուսյանի, մուլտիպլիկատոր Արթուր Միքայելյանի, Ջիմի և Անահիտ Սահակյանի հետ։

N8. Մեդիան և կարծրատիպերը
N8. Մեդիան և կարծրատիպերը

Մեդիան՝ առավելապես հեռուստատեսությունը, կարծրատիպեր ստեղծող և վերարտադրող ամենաազդեցիկ գործիքն է։ Հումորային հաղորդումները, հեռուստասերիալները, ժամանցային ծրագրերը հաճախ են ստերեոտիպեր կիրառում ավելի զավեշտալի լինելու, մեծ լսարան գրավելու նպատակով։ Օրինակ, կանայք վատ վարորդներ են, տղամարդիկ ոչ զգացմունքային, մի ազգի ներկայացուցիչներ անճաշակ են, մյուսները գողեր են, որոշ մասնագիտույթուններ կանացի են, որոշները միայն տղամարդակնց համար են։ Սրանք կարծրատիպեր են, որոնց հաճախ կարելի է հանդիպել հայաստանյան մեդիայում։ Հատկապես մարտի 8-ից ապրիլի 7-ը հեռուստատեսությամբ կարելի է բազմաթիվ պատմություններ դիտել կանանց մասին, ովքեր ընտրել են, իբր, տղամարդկային մասնագիտություններ։ Նաև մեդիայի շնորհիվ այս կարծրատիպերն արմատանում են վաղ տարիքից։ Մյուս կողմից էլ, ստերեոտիպերից զերծ չեն նաև դպրոցական դասագրքերը։ Այդուհանդերձ, մեդիայի տարածած կարծրատիպերից երեխաների ազդեցությունը հնարավորին չափով նվազանելու մի քանի տարբերակ գոյություն ունի։ Այդ եղանակներն Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում քննարկում ենք հոգեբան Սոնա Մանուսյանի և լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանի հետ։

N7. Գովազդ
N7. Գովազդ

Գովազդը հետապնդում է մեզ փողոցներում, հեռուստացույցից, մեր սմարթֆոններում, հանրային տարնսպորտում, ամենուր։ Հաճախ գովազդը նաև գինն է մեզ առանց վճարելու տրվող տեղեկատվության։ Խոշոր կազմակերպություններից շատերն առանձին մեծ ստորաբաժանումներ ունեն, որոնց աշխատակիցների նպատակն ամեն գնով իրենց արտադրության գովազդը մարդկանց առաքելն է։ Լսարանին թիրախավորելու հարցում գովազդատուներն օգտագործխում են նաև այն տեղեկատվությունը, որը սոցիալական ցանցերը հավաքում են մեր մասին։ Այս ամենից բացի, իրենց անընդհատ կրկնվող բնույթի պատճառով նաև կարծրատիպեր ստեղծելու ամենաազդեցիկ գործիքներից մեկն է։ Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում զրուցել ենք IT և մեդիա փորձագետ Արթուր Պապյանի, թվային մարքեթինգի մասնագետ Գոռ Եփրեմյանի և սոցիոլոգ Արմենուհի Բուրմանյանյի հետ՝ հասկանալու գովազդի տարածման մեխանիզմները, ինչպես նաև դրանց ունեցած ազդեցությունները մեզ վրա։

N6. Կրթական և գիտական տեսանյութերը Յություբում
N6. Կրթական և գիտական տեսանյութերը Յություբում

Յութուբն աշխարհի ամենամեծ վիդեո հարթակն է։ Այն նաև երկրորդ ամենաշատ այցելություններն ունեցող կայքն է համացանցում։ Օրական մոտ 5 միլիարդ տեսանյութ է դիտվում Յութուբում։ Այս տեսանյութերի մի մասը ժամանցային վիդեոներ են, խաղերի կամ անձնական տեսագրություններ կամ լրատվական հեռարձակումներ, բազմաթիվ են վլոգերը։ Տեսանյութերի մի մասն էլ կրթական, գիտական և ուսուցողական բնույթի են։ Յութուբում տեսադասերի միջոցով հնարավոր է սովորել տարրական կենցաղային խնդիրներ լուծելու ամենապարզ եղանակները, զարգացնել օտար լեզուների իմացությունը, պատրաստվել որևէ քննության, ստանալ հոգեբանական կամ փիլիսոփայական բարդ հարցերի պատասխաններ՝ հնարավորին չափ մատչելի ձևով։ Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում քննարկում ենք գիտական, կրթական և ուսուցողական տեսնյութերը Յութուբում, դրանք գտնելու եղանակները և դիտելու կարևորությունը։

N5. Յություբը հետևում է մեզ
N5. Յություբը հետևում է մեզ

Յութուբը 2005 թվականին ստեղծված վիդեո պլատֆորմ է։ Այն հնարավորություն է տալիս ներբեռնել, տարածել ու դիտել ցանկացած տեսակի տեսանյութեր՝ երաժշտական տեսահոլովակներ, լրատվություն, ժամանցային հաղորդումներ, վլոգեր, անձնական տեսագրություններ։ Բացի այս, սոցիալական այս ցանցն անընդհատ ինֆորմացիա է հավաքում իր օգտատերերի մասին՝ օրեցօր ավելի լավ ճանաչելով մեզ։ Էնցիկոլեդիայի այս էպիզոդում IT և մեդիա փորձագետ Արթուր Պապյանի հետ զրուցում ենք Յութուբի ետնաբեմի մասին։ Պատասխանեում ենք՝ ինչու՞ է Յութուբն ինֆորմացիա հավաքում մեր մասին և ինչպե՞ս է օգտագործվում այդ ինֆորմացիան հարցերին։

N4. Յություբ. Բովանդակությունը
N4. Յություբ. Բովանդակությունը

Սոցիալական ցանցերը դեռահասների ժամանցի հիմնական միջոցներից են։ Նրանցից ոմանք Յութուբ սոցիալական ցանցն օգտագործում են ոչ միայն տեսանյութեր դիտելու, այլև ինքնարտահայտման նպատակով։ Այս ցանցը նաև ինքնակրթության ու ցանկացած իրավիճակում պարզ հարցերի պատասխաններ ստանալու հայտնի հարթակ է։ Յութուբի անընդհատ զարգացող ալգորիթմն, իր հերթին, ամեն անգամ ապացուցում է, որ օրեցօր ավելի լավ է ճանաչում իր օգտատերերին, գիտի մեր բոլոր նախասիրությունները։ Սա մի կողմից հեշտացնում է մեր առօրյան, մյուս կողմից մտահոգիչ հանգամանք է։ <<Էնցիկլոմեդիայի>> այս էպիզոդում Յութուբում հայտնվող բովանդակության մասին զրուցում ենք վլոգեր Հայկ Մկրտչյանի հետ։

N3. Ինֆորմացիայի աղբյուրներ
N3. Ինֆորմացիայի աղբյուրներ

Երբ հերթը հասնում է ինֆորմացիայի աղբյուրների ընտրությանը, անկախ տարիքից, մարդիկ հաճախ կարող են ծուղակում հայտնվել։ Ստենդֆորդի համալսարանի 2016 թվականի ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ հարցվածների 10-ից 8-ը հավատում են ցանկացած տեղեկատվության, որը գտնում են համացանցում։ Հայաստանում շատերի համար անառարկելի ճշմարդտություն է շարունակում մնալ մեդիայում՝ մասնավորապես հեռուստատեսությունից ստացավծ տեղեկատվությունը։ Այդուհանդերձ, սա մեծացնում է մարդկանց՝ ապատեղեկատվության և կեղծիքի զոհ դառնալու հավանականությունը։ <<Էնցիկլոմեդիայի>> այս էպիզոդում տեղեկատվության աղբյուրների ընտրության բարդ գործը փորձում ենք հեշտացնել մեդիա փորձագետ, media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ։ Էպիզոդում քննարկում ենք աղբյուրների ընտրության հիմնական սկզբունքները, կիսվում սեփական փորձով։

N2. Մեդիա դիետա
N2. Մեդիա դիետա

Քանի՞ ժամ եք դուք և ձեր երեխաները ծախսում սմարթֆոնների վրա։ Որքա՞ն ժամանակ եք անցկացնում սոցիալական ցանցերում, համակարգչի կամ հեռուստացույցի դիմաց։ Այս էպիզոդում քննարկում ենք մեդիա սպառելու ժամանակային կարգավորումները, ինչպես նաև սմարթֆոններից կախվածությունից խուսափելու եղանակները։

N1. Մեդիագրագիտություն
N1. Մեդիագրագիտություն

Թրենդային դարձած մեդիագրագիտություն բառը մեդիայի զարգացմանը զուգընթաց առավել կարևոր է դառնում։ Ի՞նչ է մեդիագրագիտությունը, ու՞մ է այն անհրաժեշտ և ինչպե՞ս պետք է ծնողներն իրենց երեխաներին փոխանցեն մեդիայից օգտվելու հմտությունները։ Այս էպիզոդում տալիս ենք ծնողներին հուզող այս և մի շարք այլ կարևոր հարցերի պատասխաններ։